Էրեբունիում անչափահասին մահակով ծեծած Արշակի եղբայրը կասկածյալ է. հարուցվել է քրգործ

 

Մեր տեղեկություններով, Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասներին մահակով ծեծի ենթարկած ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, կասկածյալի կարգավիճակ ունի:

 
 

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է:


Այս դեպքով մայիսի 4-ին ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծ) հոդվածով: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա ասաց, որ քրեական գործով տուժող է ճանաչվել եւ հարցաքննվել Դ.Ա.-ն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից տուժողը հարցաքննվել է: Հարցաքննվել են նաեւ  միջադեպի մյուս մասնակիցները:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Սույն քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Քրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ մայիսի 5-ին ոստիկանությունից ստացել են քրեական գործ՝ անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Պարզվել է, որ ծեծի ենթարկված անչափահասը նույն շենքի մի քանի այլ բնակիչների հետ մասնակցել է բողոքի ակցիաների եւ ապրիլի 20-ին փակել Այվազովսկի փողոցի աջակողմյան երթեւեկելի հատվածը:

Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել նրանց եւ ճանապարհն անցնել ցանկացող Toyota Corola մակնիշի ավտոմեքենայի վարորդի եւ վերջինիս ուղեւորների հետ: Տռուզյանի փոխանցմամբ՝ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում բռնություն է գործադրվել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, այդ թվում՝ մահակով հարվածներ են հասցվել անչափահասին: Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ճանաչվել է տուժող, մյուս երկու անչափահասներին ծանուցումներ են ուղարկվել:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, թե Toyota Corola մակնիշի ավտոմեքենան ում անվամբ է հաշվառված: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը եւ 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Առգրավվել է նաեւ մահակը, որը ճանաչվել է իրեղեն ապացույց: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքին մասնակցած անձանց ինքնությունը պարզելու եւ ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ:

Check Also

Բիզնեսը գնային սրբագրումներ է անում. տնտեսագետը՝ շաքարավազի, բանանի և այլ ապրանքների էժանացման մասին.

Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային ...

error: Content is protected !!