Չե՛մ շտապում, ծերանոց եմ գնում…պատմություն տաքսու վարորդի ու մի ծեր կնոջ մասին…Առանց երկար մտածելու՝ ամուր գրկեցի նրան

 

 

 

 

Ես եկա նշանակված հասցեով ու ազդանշան տվեցի:

Սպասելով մի քանի րոպե՝ ես կրկին ազդանշան տվեցի: Քանի որ դա իմ վերջին պատվերն էր այդ օրը, մտածում էի հեռանալու մասին, բայց փոխարենը հարմար կանգնեցրի մեքենաս, մոտեցա դռանն ու թակեցի…

 

«Մեկ րոպե»,- պատասխանեց ծեր կնոջ նուրբ մի ձայն: Դրսից լսվում էր, որ ներսում ինչ-որ բան էին գետնով քարշ տալիս:

Երկար դադարից հետո դուռը բացվեց: Մի փոքրամարմին 90-ամյա կին բացեց դուռը:

Նրա կողքին ոչ շատ մեծ մի ճամպրուկ էր դրված: Բնակարանն այնպիսի տեսք ուներ, ասես այնտեղ երկար ժամանակ ոչ ոք չէր ապրել: Կահույքը սպիտակ շորերով էր ծածկված: Պատերին ժամացույց չկար, իսկ անկյունում մի արկղ էր դրված, որ լի էր նկարներով ու ապակե սպասքով:

«Ձեզ համար նեղություն չէ՞ր լինի ճամպրուկս մեքենայի մեջ տեղափոխելը»,- հարցրեց կինը: Ես ճամպրուկը տեղափոխեցի մեքենայի մեջ, իսկ հետո վերադարձա նրան օգնելու համար:

Նա բռնեց ձեռքս, ու մենք միասին գնացինք դեպի մեքենան: Ծեր կինը շարունակ ինձ շնորհակալություն էր հայտնում բարությանս համար:

-Ես ոչինչ չեմ անում, որ շնորհակալություն եք հայտնում: Իմ ուղևորներին ես այնպես եմ վերաբերվում, ինչպես մորս կվերաբերվեի:

-Հա, դու լավ տղա ես,- ասաց կինը: Երբ մենք մեքենա նստեցինք, նա ինձ մի հասցե տվեց, իսկ հետո հարցրեց:- Կարո՞ղ ենք քաղաքի կենտրոնով գնալ:

 

 

-Դե դա կարճ ճանապարհը չէ, բայց…

-Ես դեմ չեմ, չե՛մ շտապում, ծերանոց եմ գնում…

Ետևի հայելիով նայեցի այդ կնոջը: Նրա աչքերը փայլում էին:

-Իմ ընտանիքը վաղուց է, ինչ հեռացել է այստեղից,- շարունակեց նա,- իսկ բժիշկն ասում է, որ ինձ քիչ է մնացել ապրելու:

Հաշվիչն անջատեցի: Հաջորդ երկու ժամերի ընթացքում մենք շրջեցինք ողջ քաղաքը: Նա ինձ մի շենք ցույց տվեց, որտեղ ժամանակին աշխատել էր:

Հետո անցանք այն թաղամասով, որտեղ ինքն ու ամուսինն էին ապրել: Ապա ցույց տվեց կահույքի մի փոքրիկ գործարան, որտեղ ժամանակին պարային սրահ կար, և ինքը երիտասարդության տարիներին այնտեղ պարապել էր:

Երբեմն նա ինձ խնդրում էր կագն առնել ինչ-որ շենքերի մոտ կամ խաչմերուկներում և նստած նայում էր մթության մեջ՝ առանց ոչինչ ասելու:

Վերջում ասաց.

-Ես հոգնեցի, եկեք ավարտենք մեր այս ճամփորդությունը:

Մենք լռությամբ գնում էինք այն հասցեով, որ նա տվել էր ինձ սկզբում:

Վերջում կանգ առանք մի ցածրահարկ շենքի առջև, որ նման էր փոքրիկ հանգստյան տան:

Երկու բուժքույր մեզ մոտեցան, ակնհայտ էր, որ նրան էին սպասում: Շատ հոգատար էին, օգնեցին իմ 90-ամյա զրուցակցին վեր կենալ: Ես բացեցի բեռնախցիկը և փոքրիկ ճամպրուկը հանեցի: Կինն արդեն նստած էր հաշմանդամի սայլակի մեջ:

 

 

-Որքա՞ն պետք է վճարեմ:

-Ոչի՛նչ:

-Չէ՞ որ դուք վաստակում եք ապրուստի համար:

-Ուրիշ ուղևորներ նույնպես կան,- պատասխանեցի ես:

Առանց երկար մտածելու՝ ամուր գրկեցի նրան:

-Դու ծեր կնոջն այսօր մի քիչ երջանկություն պարգևեցիր, շնորհակալ եմ քեզ,- ասաց հուզված ձայնով:

Ես սեղմեցի նրա ձեռքն ու հեռացա:

Իմ հետից դուռը փակեցին: Այդպես փակվեց կյանքի մի գիրք ևս…

Ետդարձիս ճանապարհին չէի կարողանում կանգ առնել և ուղևորներ վերցնել:

Ուզում էի մենակ մնալ: Գնում էի՝ ուր պատահի՝ խորասուզված մտքերիս մեջ:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե այս կնոջը մի բարկացած վարորդ պատահեր, ով շտապեր իր վերջին ուղևորին տեղ հասցնելու և տուն գնալու:

 

 

Ի՞նչ կլիներ, եթե ես երկու անգամ ազդանշան տալուց հետո որոշեի հեռանալ:
Վերջում ուզում եմ ասել, որ սա կյանքում իմ արած ամենակարևոր գործերից մեկն էր:

Մենք սովոր ենք մտածել, որ այս կյանքը բաղկացած է չկրկնվող ու թանկ պահերից, սակայն այդ թանկ ու անմոռանալի պահերը հաճախ գալիս են անսպասելիորեն՝ փաթեթավորված գեղեցիկ կերպով ու այնպես, որ ուրիշները դրանք մանրուքների հետ են շփոթում:

Check Also

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով

168․am-ը գրում է․ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով: Այս ...

error: Content is protected !!