Հետաքրքիր

Կամավորական Արշակ Տոնոյանի զոհվելուց մեկ շաբաթ անց Գյումրիի ծննդատանը ծնվել է նրա առաջնեկը

Երբ հայրենիքի նմատմամբ սերը վեր է ամեն ինչից, իսկ սահմանների պաշտպանությունը՝ առաքելություն ու պարտք․․․

Սա այսօր մեկ ընդհանուր սկզբունք ու ընկալում է բոլորի համար՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից: Պատերազմի առաջին օրերից մինչև հիմա կամավորագրումները շարունակվում են: Առաջին գիծ մեկնելու և հայրենիքը պաշտպանելու համար զինվորագրվում են՝ քաջ գիտակցելով, որ այդ պաշտպանությունը կյանքի գնով է լինելու: Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ Արշակ Տոնոյանը առաջին իսկ օրվանից մեկնել է ռազմաճակատ, ամենաթեժ կետերում կռվել ու հերոսաբար զոհվել:  Արշակի զոհվելուց ընդամենը մեկ շաբաթ անց Գյումրիի ծննդատանը ծնվել է նրա անդրանիկ զավակը:

Գյումրիի ծննդատան աշխատակիցները լուռ միջանցքներով մեզ ուղեկցում են հիվանդասենյակներից մեկը: Անգամ բժիշկներն այստեղ մտնում են մի տեսակ շփոթված՝ ուրախության ու միևնույն ժամանակ տխրության զգացումով: Բայց մեզ ու բժիշկներին  Լիլիթը ժպիտով է դիմավորում: Նորից ժպտալ, հերոս ամուսնու մասին երբեք անցյալով չխոսել պարտադրում է փոքրիկ աղջնակը։Նա ծնվել է  երկու օր առաջ, հոր՝ Արշակ Տոնոյանի զոհվելուց ընդամենը մեկ շաբաթ անց:

«Ես գիտեի, որ հաստատ գնալու էր, բայց ինձ չէր ասում, որ չանհանգստանամ: Մի քանի օր անհասանելի էր, չէի կարողանում կապնվել ու արդեն կասկածեցի , գիտեի, որ հաստատ գնացել է:Ինքը բարձրահասակ էր ու խոշոր: Մականունը արջ էր: Արջ էին իրան ասում: Իմ աղջիկն էլ ծնվել է 3 կգ 400 գ և 51 սմ հասակով:Մի անգամ զանգահարեց ամուսինս ասաց, որ ուզում եմ աղջկաս անունը լինի Աննա, կարդացել էր, որ Աստվածաշնչում կա Աննա անունը ու ցանկանում էր, որ լինի Աննա: Իրա պապան գնաց, որ ինքը հաղթանակած երկրում ապրի, մեծանա»,-shantnews-ի հետ զրույցում պատմեց  Լիլիթ Գևորգյանը։

Արշակն ընտանիքից վերջին ամիսներին հեռու էր ապրում։Շինարար էր, Մեղրիում էր աշխատանք գտել: Խոստացել էր, գործն ավարտել և հարազատ գյուղ՝ Շիրակի մարզի Անուշավան վերադառնալ հոկտեմբերին՝ երբ աղջկա ծնվելու ժամանակը գար: Արշակը զոհվել է Հադրութում իր ծննդյան օրը ՝հոկտեմբերի 13-ին։

Փոքրիկ Աննան հորն է նման: Լիլիթը սա ապացուցելու համար ցույց է տալիս հերոս ամուսնու լուսանկարները:

Փոքրիկ Աննան իր ընտանիքի համար հաղթանակի խորհրդանիշն է դարձել: Այն հաղթանակի, որը կերտվում է մեր հայորդիների կյանքի գնով:Մի քանի օրից փոքրիկ Աննան մայրիկի հետ կվերադառնա Անուշավան գյուղ, որտեղ նրան սպասում են Արշակի ծնողներն ու հարազատները: Իսկ երբ պատերազմն ավարտվի, Լիլիթը խոստացել է դստեր հետ գնալ Արցախ՝ Հադրութ, որն իր համար հայրենիքի հարազատ դարձած տարածք է հիմա:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!