Յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարություններն ունի, հաղթահարել դրանք՝ կարող են ոչ բոլորը: Դերասան-երգիչ Գոռ Մարտիրոսյանը երբեք չի ընկճվում ու միշտ փորձում է դիմակայել դժվարություններին, կառչել ձեռքբերումներից ու հասնել ավելիին: Թեև դեռևս թատերարվեստում հաստատվել չի հաջողվել, բայց այ «թամադայության» առումով Գոռը խնդիր չունի: Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալի երբեմնի Ջամշոյան դերակատարն անկեղծացավ Life.panorama.am-ի հետ զրույցում:
Վաղուց եթերում չեք երևում, հիմա ինչո՞վ եք զբաղված:
Երգում եմ հարսանիքներին, նաև հանդիսավարությամբ եմ զբաղվում: Հրավիրում են, ես էլ գնում եմ…
Երաժշտական մասնագիտություն ունե՞ք:
Այո, ավարտել եմ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած մշակույթի պետական քոլեջը: Նաև 2007 թվականին ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:
Իսկ ինչո՞ւ որևէ թատրոնում չեք հաստատվել:
Մի ժամանակ ուզում է Պարոնյան թատրոն ընդունվել… Դիմեցի Երվանդ Ղազանչյանին, չընդունեց… Շատ եմ սիրում թատրոնը, այն ինձ համար մնում է ամենադասականն ու բարձրագույնը… Ինձ գումարը չէր հետաքրքրում, թատրոնով ոչ-ոք չի կարող ապրել, դրան զուգահեռ պետք է ուրիշ գործեր էլ անես, որ ապրես…
Իսկ ի՞նչ պատճառաբանեց պարոն Ղազանչյանը, որ չընդունեց:
Վերաբերմունքից չեմ բողոքում, միշտ ջերմ, վարպետորեն ու մեծավարի էր ընդունում, զրուցում, բայց ամեն անգամ ասում էր՝ 6 ամսից արի, 8 ամսից արի…Ես ինքնասիրություն ունեմ, մեկ-երկու անգամ գնալուց հետո չէի կարող նորից գնալ…
Այն մարդկանցից չեմ, ովքեր «քսմրտվելով», ոտքերն ընկնելով, շողոքորթելով կգնան: Ես նման բնավորություն չունեմ…Այդ թատրոնը երաժշտական ուղղվածություն ունի, ես էլ երաժշտական տվյալներ ունեի, բայց… Ընդունում էր բաղաձայն մարդկանց, ովքեր երգից հազարավոր կիլոմետրերով հեռու էին…
Սերիալ քասթինգո՞վ գնացիք:
Այո, իհարկե:
Ի՞նչն էր պատճառը, որ կերպարը կամաց-կամաց դուրս մղվեց:
Ես հասկացա, որ իմ դերը քիչ-քիչ թուլանում, փչանում է: Որոշեցի փողի համար չփչացնել այն սերը, ինչը ձեռք եմ բերել:
Այսինքն, դո՞ւք որոշեցիք, որ պետք է դուրս գալ:
Միանշանակ, ես դուրս եկա…Մի քանի անգամ որոշեցի չգնալ, բայց գնացի, հետո եկավ մի օր, երբ որոշեցի, որ այլևս չպետք է նկարահանվել…

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։