Նորություններ

Սյունիքում կան հատվածներ, որոնցով ադրբեջանցիները մեքենայի համարը փոխելով կարող են գալ Երևան, պտտվել և հետ գնալ. Քոչարյան


Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Այնտեղ կան հատվածներ, որոնցով ադրբեջանցին կարող է իր մեքենայի համարը փոխել, քշել մինչև Երևան, պտտվել և հետ գնալ, և ոչ մի տեղ նրան չեն կանգնեցնելու և հարցնեն, թե դու ով ես, այստեղ ինչ ես անում, ինչ նպատակներով ես դու այստեղ։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Սա նորմալ չէ, դա կառավարության առաջին գործառույթն է, սահմանադրությամբ ամրագրված, նաև պարտավորություն է։ Չկա պետություն, որն իր երկրի սահմանները չի պաշտպանում։ Երբ սահմանների պաշտպանությունը փաստացի դրվում է գյուղապետերի վրա, նորմալ երևույթ չէ։ Երբ այն ժամանակ գյուղապետերը զանգում էին և պաշտոնյաներից հարցնում էին՝ ինչ անենք, եկել է ադրբեջանցի զինվորականը և մեգաֆոնով ասում է՝ պետք է հետ գնաք այդ դիրքերից։ Չենք ուզում հետ գնալ, վտանգավոր է, այդ բարձունքը կարևոր է, ասում էին՝ տղերք, եթե կարող եք, պահեք։ Կարծես պետությունը կապ չունենա։ Նրանք էլ հանկած որոշեցին, որ պահում են, ու կոտորվեցին, դրա պատասխանն ով է տալու: Մի՞թե մեր սահմանների պաշտպանությունը օրենքներով, օրենսդրությամբ դրված է գյուղապետերի վրա։ Եթե Շուռնուխում, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ վարչապետի բանավոր պայմանավորվածությամբ, ինչ-որ տներ պետք է հանձնեն, ապա ոչ թե պետք է ադրբեջանցին գա այդ գյուղացուն ասի՝ քեզ 24 ժամ ժամանակ, այլ մեր պաշտոնյան պետք է գնա չոքի այդ գյուղացու առաջ, ներողություն խնդրի, մեր պետությունը պետք է իրենց տեղափոխի, կրկնում եմ՝ չոքած պետք է ներողություն խնդրի, ի վերջո, մարդը տան վկայագիր ունի՝ պետության կողմից։ Սյունիքը բացահայտեց այսօրվա ուղղակի խայտառակ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն», նշել է Քոչարյանը։

Հարցին, որ իշխանությունները պատրաստվում են իրավական գործընթացներ սկսելով կանգնեցնեն Սյունիքի ամենամեծ կոմբինատներից մեկը, մենք կարո՞ղ ենք այսեղ դիտավորություն տեսնել, որ նպատակը տնտեսապես մարզը թուլացնելն ու ինչ-որ իմաստով նաև հայաթափելն է, ՀՀ 2-րդ նախագահը պատասխանեց․

«Հետո էլ ասեն՝ դժգույն, դժբախտ Սյունիքն ում էր պետք։ Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Երբ նպատակները, քայլերը անկանխատեսելի են, և չես կարողանում քո ազգային շահերի տեսանկյունից այդ տրամաբանական շղթան կառուցել, ամեն ինչ հնարավոր է։ Բայց նաև չեմ ուզում այդ կոնսպիրոլոգիայի դաշտ մտնել, գիտեք, կասկածամտությունը մարդու գլխի մեջ է մտնում, սկսում է որդի պես անընդհատ քայքայել։ Իսկ եթե ազգի ինքնագիտակցության մեջ է դա սկսում մտնել, ուղղակի ազգն է քայքայելու։ Տպավորություն է, որ սա մեր հայ ժողովրդին քայքայելու ևս մեկ գործիք է։ Չբացատրել, տրամաբանական շղթա փնտրողներին այնպիսի վիճակի մեջ դնել, որ մարդիկ տարակուսում են՝ այս ինչ է կատարվում, ինչի համար է այս քայլն արվում կամ այն քայլն արվում, և կասկածամտության այդ որդը մտցնում են մարդկանց ուղեղի մեջ։ Դա նույնիսկ ավելի վտանգավոր բան է, քան պատերազմում ինչ-որ բան թաքցնելը։ Երկարատև առումով, սա ազգը քայքայող գործոն է դառնում»։

Դիտարկմանը, որ Սյունիքից հանձնված տարածքները Սյունիքինը չեն եղել այլ Ադրբեջանինը, և դրանք ընդամենը վերադարձվել են Ադրբեջանին, Քոչարյանն արձագանքեց. «Բռավո: Եթե այդ մարդիկ կարողանում են արտահայտվել նման կերպ, հետո հանգիստ փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ, ուրեմն մենք՝ որպես ազգ, գոյատևելու, ուժեղանալու ներքին ռեսուրս չունենք։Մարդիկ ուղղակի պետք է մերժեն նման կարգի մտածելակերպն ընդհանրապես։ Մենք շագրենի կաշվի պես ուղղակի փոքրանալու ենք»։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!