Խոհանոց

Տեղական տավարի միսը դուրս է մղվում ներքին շուկայից (գրաֆիկ)

Հայաստանում անասնապահությունն անկման միտումներ է նշաններ է ցույց տալիս, ինչի վկայությունը, մասնավորապես խոշոր եղջերավորների, գլխաքանակի  մոտ 5 տոկոսով նվազումն է։  Հաշվի առնելով  տավարի մսի հայկական շուկայի վերջին զարգացումները, ներմուծման կառուցվածքի փոփոխությունները, ինչպես նաև հանգամանքը, որ անասնապահությունը համարվում է գյուղատնտեսությամբ զբաղվող բազմաթիվ սուբյեկտների (տնային տնտեսություններ և անասնապահական համալիրներ) գործունեության ոլորտը, իսկ միսը՝ որպես առաջին անհրաժեշտության ապրանք ընդգրկված է սպառողական զամբյուղում, անհրաժեշտ է վերլուծել այդ ապրանքատսակի արտադրության և ներմուծման շուրջ փոփոխության միտումները։

Ակնհայտ է, որ Հայաստանն առկա ռեսուրսներով չի կարող դառնալ տավարի մսի տեսանկյունից ամբողջությամբ ինքնաբավ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է կանխել տեղական անասնապահության անկումը և ի հաշիվ չօգտագործված կարողությունների ավելացնել խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Խիստ մտահոգիչ է նաև այն, որ 2019 թվականի ընթացքում 2018 թվականի համեմատ կովերի գլխաքանակը նվազել է 4,9 տոկոսով։

2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում արտադրվել է 0.36%-ով ավելի քիչ խոշոր եղջերավոր անասունի միս (տե՛ս գծապատկերը 2․)․ կովերի գլխաքանակի համեմատ տավարի մսի արտադրության ծավալի ավելի քիչ նվազելը պայմանավորված է հանգամանքով, որ կովերի մորթը ավելի շատ է արվել: Դրան զուգահեռ, ավելացել է խոշոր եղջերավոր անասունի մսի ընդհանուր ներմուծումը 6.58%-ով: ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դիտարկվող ժամանակահատվածում երկրում խոշոր եղջերավոր անասունի մսի արտադրության ծավալների կրճատմանը զուգահեռ 2020թ․ երրորդ եռամյսակում նկատվել է խոշոր եղջերավոր անասունի մսի մանրածախ միջին գնի նվազում 126 դրամով՝ կազմելով 2934 դրամ, որը 2017 թվականի տավարի մսի գնի համեմատ բարձր է 376 դրամով կամ 14,7 տոկոսով: Հայաստանում արտադրված ծավալների կրճատումը չի հանգեցրել գների բարձրացման՝ քանի որ 16.99%-ով ավելացել են հատկապես սառեցված խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման ծավալները:

Ի դեպ, ներմուծված սառեցված տավարի մսի մեկ միավորի մաքսային արժեքը 2018 թվականի համեմատ 2019-ին աննշան անկում  է  արձանագրել՝ կազմելով 1339 դրամ (2018 թվականին՝ 1409 դրամ), որը զգալիորեն  զիջում է տեղական արտադրության մսի գներին, իսկ ներմուծման մաքսատուրքերը բարձրացել են 2018 թվականի համեմատ՝ կազմելով 12.5% (2018 թվականին՝ 10%): Այնուամենայիվ հայ սպառողները հիմնականում հայկական ծագում ունեցող տավարի մսի կրճատմանը զուգահեռ նախընտրել են սպառել հիմնականում համեմատաբար ավելի թանկ տեղական տավարի միս։

Իրավիճակը փոփոխվել է 2020թ․ առաջին կիսամյակում, մասնավորապես՝ 1 կգ սառեցված տավարի մսի գինը 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 120 դրամով եւ կազմել 1392 դրամ, ինչը հիմնականում բացատրվում է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներով և արտահանող երկրների պարենային անվտանգության նկատառումներով։ 2020թ․ 1-ին կիսամյակի ընթացքում ամենաէժան մաքսային արժեք ունեցող տավարի միսը՝ 2 դոլար, ներկրվել է Բրազիլիայից, այնուհետ՝ Հնդկաստանը՝ 2,7, Ուկրաինան՝ 3,2, Ռուսաստանը՝ 4,3 և Բելառուսը՝ 6,8։

2020 թվականին սառեցված տավարի մսի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը բարձրացել է 2.5%-ով՝ կազմելով 15%։ Իսկ 2021թ․ հունվարի 1-ից խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման մաքսատուրքը 12.5%-ից դառնում է 25%: Քվոտայի շրջանակում՝ 15%-ը կգործի 6 հազար տոննայի համար։

Արդյունքում՝ կարելի է եզրահանգել, որ առաջիկայում հնարավոր է երրորդ երկրից ներմուծվող սառեցված տավարի մսի թանկացում, որը, սակայն, չի տարածվում ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող սառեցված տավարի մսի վրա։ Միաժամանակ, նշված ապրանքատեսակի գնի բարձրացման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև ներմուծվող սառեցված տավարի մսի մաքսային արժեքը։

Դիտարկելով վերջին տարիների ընթացքում ըստ երկրների տավարի մսի Հայաստան ներմուծման կառուցվածքը՝ պետք է նկատել, որ թարմ կամ սառեցրած տավարի մսի ներմուծման գծով (0201 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրք) առաջատարն են Բելառուսը, Իսպանիան և Ռուսաստանը։

Հատկանշական է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած տեղեկատվության համաձայնտվյալով՝  ներկրվող մսամթերքի փորձաքննության արդյունքում որևէ վնասակար նյութ չի հայտնաբերվել։ Ապրանքատեսակը համապատասխանել է ներմուծվող ապրանքների նկատմամբ ԵԱՏՄ սահմանված չափանիշներին։ Այսինքն՝ ցածր գնով ներկրվող տավարի միսը համապատասխանել է բոլոր նորմատիվներին։

Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ երրորդ երկրներից սառեցված տավարի մսի ավելի մեծ ծավալով ներկրումը, քան ԵԱՏՄ անդամ պետություններից, պայմանավորված է տվյալ ապրանքատեսակի ավելի ցածր գնով, որը վերջինիս դարձնում է ավելի մրցունակ և նախընտրելի ներկրման տեսանկյունից։ Երկարաժամկետում ԵԱՏՄ և ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող Էժան տավարի միսը շարունակելու է մեծ հարված հասցնել մեր տեղական արտադրողներին և գյուղացիական տնտեսություններին։ Հետևաբար, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մեջ պետք է ներառել անասնապահության աջակցության պետական ծրագրերը և հետևել դրանց անշեղորեն կատարմանը։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!