Էդուարդ Չիչյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 10-ին, կրտսեր սերժանտ է եղել, գրադի հրամանատար։ Կապանում է ծառայել: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, եղել է Ջրականում:
Մորաքրոջ՝ Զարուհու խոսքով՝ Էդուարդի ծնունդը մեծ ցնծություն է եղել իրենց ընտանիքում. «Բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր իր վրա, մեր ուժը և ջանքը չէինք խնայում, որ ինքը հայրենիքի համար պիտանի մարդ դառնա, օգտակար լինի իր հարազատներին, ընկերներին և ամենակարևորը՝ հայրենիքին: Ոչ ոքիս մտքով չէր անցնում, որ նա կարող է այսպես օգտակար լինել իր հայրենիքին»,-նշում է նա:
Մորաքույրն ասում է, որ Էդուարդը երազկոտ տղա է եղել, սիրել է հաջողակ մարդկանց և ձգտել է նրանց նմանվել:
Էդուարդի հետ զոհվել են իր 3 ընկերները:
«Էդոն շատ բարեսիրտ էր, ոչ մեկին վատը չի ցանկացել, միշտ ուզում էր, որ բոլորը ուրախ լինեն»,-պատմում է ընկերը՝ Սևակ Ավուշյանը:
Էդուարդ Չիչյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 22-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին:

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։