Քոչարյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությանը- «իմ դեմ հարուցված գործը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իմ հանդեպ ունեցած անձնական ատելությունից:

«Հեղափոխական ռոմանտիզմի», Պուտինի հետ շփումների և «Մարտի 1-ի» գործի մասին. Ռ.Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությանը՝ խոսելով Հայաստանում տիրող ներքին իրավիճակի, ներկա իշխանությունների քայլերի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ օրս պահպանվող շփումների մասին:

Քոչարյանը նշել է, որ ինքն ակնհայտ տեսնում է ներկա իշխանությունների բացթողումները, ըստ նրա՝ նրանք կարիք ունեն բարձրաձայն ու ռացիոնալ քննադատության: ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը դեռ ղեկավարվում է «հեղափոխական ռոմանտիզմով»:

Քոչարյանը նաև շեշտել է, որ 10 տարի առաջ մարտի 1-ին նա գործել է իր՝ որպես նախագահ ունեցած լիազորությունների սահմաններում, իսկ իր դեմ հարուցված գործը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հանդեպ ունեցած անձնական ատելությունից:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինից ստացած ծննդյան շնորհավորանքին՝ ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է, որ իր պաշտոնավարման ժամկետների ավարտից հետո էլ ինքն ու Պուտինը պահպանել են պարբերական շփումն ու լավ ընկերներ են:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց չէր կարող ընտրվել: Այնուհետև որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!