«Ես սխալվել եմ Շարմազանովի, Աշոտյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի և Վիգեն Սարգսյանի հարցում». Գառնիկ Իսագուլյան

«Ես սխալվել եմ Շարմազանովի, Աշոտյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի և Վիգեն Սարգսյանի հարցում». Գառնիկ Իսագուլյան

«Երբ խոսվում է, որ Քոչարյանի շուրջ կարող է ձևավորվել ուժեղ քաղաքական թիմ, որից գործող իշխանությունները որոշակի մտավախություն ունեն, ապա դա երկարաժամկետ է։

Մտածում էինք, որ ամենաշուտը խորհրդարանական ընտրությունները կարող են լինել մայիս-հունիս ամիսներին, և այդ ժամանակների համար իսկապես կարող էր ձևավորվել բավականին ուժեղ թիմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ չբացառելով, որ գուցե հենց այդ պատճառով ընտրություններն առաջ մղվեցին։

«Ես կարծում եմ՝ հաշվարկը դրան էր ուղղված»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն էլ այս ընթացքում հրաշալի փորձաքննություն անցավ։

Նա նկատեց՝ ՀՀԿ-ն բավականին լուրջ պրեսինգի տակ ոչ միայն չտրոհվեց, այլև ինչ-որ առումով մաքրվեց և ցույց տվեց, որ քաղաքական կայացած կուսակցություն է. «Հիմա գոհունակությամբ կարող եմ ասել, որ սխալվել եմ Շարմազանովի, Աշոտյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Վիգեն Սարգսյանի հետ կապված: Նրանք կարողացան ճիշտ կողմնորոշվել, և դեկտեմբերին եթե ՀՀԿ-ն գրանցի հաջողություններ, ես չեմ զարմանա: ՀՀԿ-ից որևէ կին՝ անկախ եղած ամենածանր ճնշումներից, չլքեց կուսակցությունը: Դա հետաքրքիր երևույթ է, պետք է դրանից հետևություններ անել: ՀՀԿ-ն ցույց տվեց, որ կայացած կուսակցություն է»:

Իսագուլյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարիկադները քանդելու ժամանակն է. «Նա իր գործողություններով ցույց է տալիս, որ բարիկադները քանդում է, ես նրան կոչ եմ անում, որ այդ տրամադրություններն ավելի հստակ հայտարարի, և ընտրություններին գնանք սիրով և համերաշխությամբ: Հունան Պողոսյանի նշանակմանը գնալը, այդ համարձակությունն ունենալը, դա պարզաբանելը կարևոր հանգամանք է: Ես կուզենայի, որ դա շարունակություն ունենա ոչ միայն այս առումով, այլև բոլոր ուղղություններով»:

Նախորդ իրավիճակը, ըստ նրա՝ ավելի նպաստավոր էր Փաշինյանի համար, քան այն իրավիճակը, որ հիմա է ստեղծվում. «Փաշինյանն այդ նշանակումներով ձայներ է կորցնում, բայց եթե նպատակն այն է, որ այս լարված մթնոլորտն ուզում է վերացնել, սա շատ ավելի կարևոր է: Այս պարագայում նրա հաղթանակը շատ ավելի արժեքավոր է լինելու։ Ընտրություններում հաղթելու է ոչ թե ՔՊ-ն՝ որպես կուսակցություն, այլ Փաշինյանը՝ որպես անհատ: Մենք ունենք երկու կայացած կուսակցություն՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն։ Հաջորդ տարի ՔՊ-ն դառնալու է բոլորի թիրախը, և հետագա փորձառությունն է, որը ցույց է տալու՝ ՔՊ-ն պատեհապաշտների հավաքածո՞ւ է դառնում, թե՞ դառնում է լուրջ քաղաքական ուժ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Check Also

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ բնույթի: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել՝ դուք ...

error: Content is protected !!