Քոչարյանի «նետած քարը» Տեր-Պետրոսյանի «այգին»

Քոչարյանի «նետած քարը» Տեր-Պետրոսյանի «այգին»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել armworld.am-ին՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորմանը։ Արդեն իսկ ուրվագծվում են այն խաղաքարտերը, որոնք ընդդիմադիր Քոչարյանը խոստացվածի պես օգտագործելու է Փաշինյանի կառավարության քննադատության համար: Երկրորդ նախագահը չի էլ թաքցնում, որ թիրախավորելու է հենց Փաշինյանի՝ Արցախի հարցում ոչ հստակ դիրքորոշումը և բանակցային գործընթացի փաստացի սառեցումը:
Հարցազրույցում Քոչարյանը հայտարարում է, որ կասկածներ ունի Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում: Արդյո՞ք դրանք ձեռք են բերվել, և եթե այո, ապա ինչի” դիմաց կամ ի”նչ ակնկալիքներով: Քոչարյանը ակնարկում է, որ Փաշինյանը Արցախի հարցում կարող է ստվերային համաձայնությունների գալ և, ըստ այդմ, հանրությանը կանգնեցնել փաստի առաջ: Ինքը՝ Փաշինյանը, այսօր ԱԺ-ում մեկ անգամ ևս հայտարարել է, որ թաքուն լուծումներ չեն լինելու, այսպիսով հեռակա կարգով պատասխանելով Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին:
Երկրորդ նախագահի հարցազրույցում աչքի է զարնում 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բազմակի հիշատակումը: Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանը հանրությանը հասկացնում է՝ Փաշինյանը գտնվում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերի կամ գուցե նաև նրա անձի ազդեցության տակ, առնվազն՝ Արցախյան հակամարտության կարգավորման մասով: Բացի այդ՝ Քոչարյանը Արցախի՝ բանակցություններից դուրս մնալու ողջ պատասխանատվության սլաքները ուղղում է հենց Տեր-Պետրոսյանի կողմը, հայտարարելով, որ Արցախը խաղից դուրս է հայտնվել 1996 թվականին, այն պարագայում, երբ ինքը նախագահի պաշտոնը ստանձնել է 1998-ին:
Ինչևէ, ինչ խաղաքարտեր էլ որ 2-րդ նախագահը փորձի խաղարկել, միայն վճռաբեկ դատարանի նիստից հետո է հնարավոր խոսել Քոչարյանի քաղաքական մտադրությունների լրջության մասին։ Եթե նա կալանավորվի, դա կդառնա հակահեղփոխության պարտության խորհրդանշանական փաստը, հակառակ պարագայում՝ Քոչարյանը քաղաքական դաշտում գեներացնելու է երկարատև դիմակայություն՝ Փաշինյանի դեմ օգտագործելով Արցախյան ջոկերը:

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!