Նորություններ

ՊԵԿ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 16-ին Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում  ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Միավորված ազգերի կազմակերպության, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության միջև:

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը,  Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է 2004թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին. «Փոխըմբռնման հուշագրով իրավապահ մարմինների համագործակցության նոր մակարդակի հիմք է դրվում: Ծրագրին միացած պետության ներկայացուցիչների միջոցով կփոխանակվեն օպերատիվ այն տեղեկությունները, որոնք կբարձրացնեն վերահսկողության մակարդակը թմրամիջոցների շրջանառության և հանցագործության դեմ պայքարի գործում»:

ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միթալը  բարձր է գնահատել ՀՀ կառավարության քայլերը, նշելով, որ հուշագրի ստորագրմամբ Հայաստանը դառնում է ծրագրի մաս կազմող՝ 70 անդամ գործընկերների ընտանիքի մի մասը: Այն հնարավորություն կտա ընդլայնելու հուշագիրը ստորագրած իրավապահ մարմինների գործիքակազմը՝ բեռնարկղերի  վերահսկողության իրականացման համատեքստում:

Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի երեք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ստեղծել հուշագրով նախատեսված համատեղ վերահսկման ստորաբաժանում՝ ծրագրի իրականացման գործընթացներն ապահովելու նպատակով: Ծրագիրը նախատեսում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից համատեղ մշակված ContainerCOMM հավելվածի ներդրում: Դա տեղեկատվության փոխանակման օպերատիվ-տեղեկատվական հարթակ է, որի շրջանակում լիազորված մուտք ունեցողները ստանում և ուղարկում են ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ծրագրի հատկանշական կողմն այն է, որ համատեղում է ծրագրին միացած պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները և իրականացվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ թիմի միջոցով: Արդյունքում կուժեղանա բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, կբարելավվի տեղեկությունների համակարգումը և վերլուծության ընթացակարգը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու համար: Բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:

Հուշագրի ստորագրումը կարևորել են նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը և Ոստիկանության  պետի տեղակալը՝ որպես իրավապահ մարմինների գործակցության ամրապնդման վառ օրինակ:

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև տեսական և գործնական վերապատրաստումներ՝ ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների համար։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!